Բաժիններ՝

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ծառայողական քննության արդյունքում ստուգվելու է ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը»,- նշեցին վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին, համալսարանում գտնվող իր աշխատասենյակից: Ափոյանը ոստիկանության բաժանմունքում վկայի կարգավիճակով հարցաքննվելուց հետո դուրս է եկել բաժանմունքից:

ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին ԵՊՀ բակում հնչած կրակոցների գործով, և նշել, որ դեպքի ընթացքում այդ վայրում չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս