«Ակադեմիկոսի կոչումով ռեկտորի պաշտոնակատարը 1937թ.-ի ոգով ուսանող է «կանդալել» տալիս». Միհրան Հակոբյան
«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Միհրան Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ԵՊՀ բակում անհայտ երիտասարդներ ծեծկռտուք են կազմակերպել՝ օդամղիչ զենքի կիրառմամբ: Ոստիկանները ժամանել են Համալսարան՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: Նորմալ երևույթ է:
Իսկ հիմա խայտառակության մասին: ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին հենց Ուսանողական խորհրդի աշխատասենյանից ձեռնաշղթաներով բերման են ենթարկում: Դավիթը ծեծկռտուքի մասնակից չէ, ոչ մի կապ չունի ծեծկռտուքի հետ: Դավիթը քսան հազարից ավել ուսանող ունեցող Համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է: Նրան սկզբում ռեկտորի պաշտոնակատարը հրավիրել է իրավապահների հետ միասին ծեծկռտուքի կադրերը նայելու՝ ակնկալելով, որ Դավիթը կասի, թե ծեծկռտուքի մասնակիցներից ու՞մ է ճանաչում: Եվ քանի որ Դավիթն ասել է, որ չի ճանաչում մասնակիցներից և ոչ մեկին, ձեռնաշղթաներով բերման են ենթարկում՝ սկզբում խուլիգանության մասնակցելու կասկածանքով, իսկ հետո, երբ խայտառակությունն ակնհայտ էր, քննչական մարմնում Դավիթը հայտնվում է արդեն վկայի կարգավիճակով:
Հարցը, բնավ, Դավիթի «քաղմաս ընկնելը» չէ, Դավիթը հո՞ Սորոսի գրասենյակից չի ֆինանսավորվում, որ ձեռպաշղթաներով բերման չենթարկվի: Հարցը նաև այն չէ, որ նույն տրամաբանությամբ կարող էին ձեռնաշղթաներով բերման ենթարկել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին, ԿԳՄՍ նախարարին կամ անձամբ նորին գերազանցություն ժողովրդի վարչապետին, որովհետև նրանք էլ այդ ծեծկռտուքի մասնակից չեն և դժվար թե կադրերում ծանոթ մարդ տեսնեին:
Հարցն այն է, որ «Երկիր-Հայկական Ժամանակում» հասել ենք այնտեղ, որ առերևույթ հանցագործության հետ կապ չունեցող մարդը Համալսարանից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվում, որովհետև չի ճանաչում առերևույթ հանցագործության մասնակիցներին: Հարցն այն է, որ ԵՊՀ-ում կարող են առերևույթ հանցագործության հետ կապ չունեցող ուսանողի «կանդալել», իսկ ռեկտորի պաշտոնակատարը կամերաների առջև կարող է ասել՝ բան չկա, չէր ուզում ցուցմունք տալ, հիմա կտա, բաց կթողնեն: Հարցն այն է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար պարոն ակադեմիկոսը ոչ միայն գիտնականի ու մանկավարժի էթիկայի հետ խնդիրներ ունի, այլև պարզ տղամարդկային արժանապատվության: Այսինքն՝ ակադեմիկոսի կոչումով ռեկտորի պաշտոնակատարը 1937թ.-ի տառին և ոգուն համապատասխան ուսանող է «կանդալել» տալիս:
Լավ կլինի, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը Գիտական խորհրդի հերթական նիստը վարելուց մեկ-մեկ ձախ պատին նայի, որտեղ փակցված են նախկին ռեկտորների նկարները: Թող իրենից ձախ պատին նայի ու տեսնի, թե 1937-ին քանի ռեկտոր է փոխվել ԵՊՀ-ում ու նրանցից քանիսն են ռեժիմի պատվերով մարդ բռնել տվել, հետո իրենք բռնվել»: