Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալվել էին սահմանամերձ բնակավայրերի երեխաները
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 24-ին հյուրընկալվել էին ՀՀ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրու Շալե կենտրոնի երեխաները: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկներին իր նստավայր էր հրավիրել Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ, որպեսզի նրանք մասնակցեին ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշեն գալիք Ամանորը:
Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր` տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկին Նունե Սարգսյանը, ինչից հետո նրանք միասին վառեցին նստավայրի տոնածառի լույսերը:
«Սահմանամերձ համայնքների երեխաները շատ ակտիվ են, ուղղակի նրանց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ իրենք էլ կարող են հրավիրել Երևանում ապրող երեխաներին իրենց կազմակերպած տոնախմբություններին»,- նշեց Արմեն Սարգսյանը և հավելեց, որ ինքը միշտ դրական լիցքեր է ստանում ցանկացած երեխայից` անկախ նրանից՝ իր թոռներն են թե ոչ: Նախագահի տիկինն էլ ասաց, որ երեխաներն իր համար փոքրիկ տիեզերք են՝ պարուրված դրական լիցքերով: «Ես տպավորված եմ այս երեխաներով, նրանք բոլորովին ամաչկոտ չեն, զրուցեցին մեզ հետ, պարում էին, ակտիվ էին»,- նշեց Նունե Սարգսյանը:
Երեխաները, բացի նախագահական նստավայրում հյուրընկալվելը, հնարավորություն են ունեցել մուլտֆիլմ դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, զբոսնել մայրաքաղաքում և ամանորյա նվերներ ստանալ Ձմեռ պապից: