Բաժիններ՝

Նյու Դելիում շարունակվում են բողոքները քաղաքացիության մասին օրենքի դեմ. The Times of India

Նյու Դելիում առնվազն 139 մարդ, հիմնականում տեղի բուհերի ուսանողներ են անցած 24 ժամվա ընացքում ձերբակալվել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի ընդունման դեմ բողոքներ կազմակերպելու փորձերի ընթացքում: Ինչպես դեկտեմբերի 24-ին հայտնել է The Times of India թերթը, ձերբակալությունները կատարվել են Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնի տարբեր շրջաններում, բերման ենթարկվածներից 79-ը կանայք են։

«Ոստիկանությունը բռնում է բոլոր նրանց, ովքեր նման են ուսանողի, եւ նրանց քարշ տալիս տեղամասեր, որպեսզի կանգնեցնի դեմոկրատական բողոքը»,- մամուլին հայտարարել է Համահնդկական ուսանողական ասոցիացիայի ղեկավար Սաի Բալաջին: Կազմակերպությունը մտադիր է ոստիկանության գործողությունները վիճարկել պաշտոնական կարգով:

Բացի մայրաքաղաքից, քաղաքացիության մասին օրենքի դեմ բողոքները շարունակվել են երկրի մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Չեննայում եւ Բանգալորում՝ Հնդկաստանի հարավում, ինչպես նաեւ Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի քաղաքներում, որտեղ նույնպես ձերբակալություններ են կատարվել: Հնդկական ազգային կոնգրես առաջատար ընդդիմադիր կուսակցության ղեկավարները, այդ թվում՝ Ռահուլ Գանդին եւ Սոնյա Գանդին, դեկտեմբերի 23-ին օրենքի նոր խմբագրույթի դեմ բողոքի նստացույց են անցկացրել Նյու Դելիում, նրանք հայտարարել են սատյագրահիի (համառություն ճշմարտությանը հասնելու գործում)` բողոքի խաղաղ ձեւի սկսվելու մասին, որը հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գանդին օգտագործում էր ոչ «լեգիտիմ օրենքի» դեմ:

Ինչպես հայտնել է The Asian Age թերթը, օտարերկրյա համալսարաններում սովորող հնդիկ ուսանողները, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներում հնդկական համայնքների ներկայացուցիչներն անցած երկու օրվա ընթացքում բողոքի ակցիաներ են կազմակերպել Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Վաշինգտոնում, Բեռլինում, Ժնեւում, Հաագայում, Բարսելոնայում, Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Ամստերդամում, Մելբուռնում: Քաղաքացիության մասին օրենքի ուղղումները նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում:

Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը եւ կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաեւ երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս