«Նկատե՞լ եք, որ վարչապետն անընդհատ թշնամիներ է փնտրում, կարևոր չէ, թե ովքեր կլինեն, այստեղ տրամաբանություն չկա». Քաղտեխնոլոգ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո օրվա իշխանությունը չի ներկայացրել երկրի զարգացման տեսլական, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հագել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը և ըստ այդ կոստյումի՝ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ամփոփելով ներքաղաքական տարին։

Նրա խոսքով՝ վարչապետն իր ձեռքում է կենտրոնացրել  բոլոր երեք իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր և դատական, բացի Սահմանադրական դատարանից, այդ թվում՝ Կառավարությանը կից բոլոր մարմինները։

Ըստ քաղտեխնոլոգի՝ ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումներից մեկը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործոնն էր, որը ԱԱԾ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոններից հեռացավ, հիմնադրամ բացեց, և հնարավոր է, որ հաջորդ տարի նրա գործոնը քաղաքական դաշտում խաղարկվի։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, Արմեն Բադալյանն ասաց, որ այս պահին ընդդիմադիրները թեթևակի ակտիվություն են ցուցաբերում որոշ հարցերի շուրջ, օրինակ՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», որի ակտիվությունը, քաղտեխնոլոգի կարծիքով՝ այլ բնույթ ունի։

«Եթե ընդդիմությունը չկարողանա որոշակի գործողություններ ձեռնարկել, և եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ, ապա ներքաղաքական այս վիճակը կարող է շատ երկար շարունակվել։ Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը կարող էր այնպես անել, որ ներքաղաքական իրավիճակն այլ հունով զարգանար, բայց չարեց, քանի որ չգիտեն, թե ինչպես անեն։ Ընդդիմությունն անընդհատ քննադատում է իշխանություններին, բայց ամեն քննադատություն չէ, որ արդյունք է տալիս, դրա մեթոդները պետք է իմանան»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նա նաև նկատեց, որ ընդդիմադիրները շատ են բողոքում, թե իշխանությունն այնպիսի հարցեր է առաջ քաշում, որ հանրության ուշադրությունը շեղում է իրական խնդիրներից, ուստի բողոքելու փոխարեն՝ պետք է ընդդիմությունն օրակարգ ձևավորի և իրական խնդիրներ բարձրացնի։

«Իշխանությունը հարց է առաջ քաշում, այն մեկ-երկու օր քննարկվում է և փակվում, սա բնորոշ է պոպուլիզմի կառավարմանը, երբ օրակարգային հարցերի փոխարեն՝ անընդհատ թշնամիներ են փնտրում։ Նկատե՞լ եք, որ վարչապետն անընդհատ թշնամիներ է փնտրում, կարևոր չէ, թե ովքեր կլինեն, այստեղ տրամաբանություն չկա, իշխանությունն օրվա «կուրսով» է աշխատում։ Իշխանությունն անընդհատ թշնամի է փնտրում, որպեսզի ցույց տա, թե իրեն խանգարում են աշխատել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Տեսանյութեր

Լրահոս