Իշխանությունները վերացել են ժողովրդավարական ամենատարրական կանոններից. Արծվիկ Մինասյան

2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ պետության և ժողովրդի համար կարևոր առնվազն յոթ հիմնական ուղղությամբ ոչ միայն չկարողացանք 2019-ին ուժեղացնել մեր պետականությունը, այլև ձևավորեցինք նոր սպառնալիքներ:

«Առաջին երեքը վերաբերում է թե՛ արտաքին հարաբերություններին, թե՛ արցախյան բանակցություններին, և թե՛ մեր անվտանգության երաշխավոր Հայոց բանակին: Սակայն շատ կարևոր են ներհասարակական հարաբերություններում հաջորդ չորսը:  Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ-ում, հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ատելության խոսքը, քարոզը, վարքագիծը, որ բխում է, նախևառաջ՝ իշխանության ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր տարածվող հարյուր-հազարավոր վիրավորական մեկնաբանությունները վկայում են, որ իշխանությունը կարևոր մնալու համար ամեն գնով մանիպուլյացիաների միջոցով փորձում է ընտրել նոր թիրախներ, նոր թշնամի, նոր հակառակորդ, որպեսզի հասարակությունը չհարցնի՝ լավ, մերժեցինք անցյալը, վատ երևույթները, բայց նորը դեռ չենք կառուցել: Իսկ նորը կառուցելու համար, իշխանություն, դու ի՞նչ պետք է անես, ի՞նչ ես խոստացել, որ չես անում: Այս հարցը, ցավոք սրտի, հասարակության մի էական հատված չի տալիս, որովհետև նրան անընդհատ հրամցվում է նոր թշնամի, հակառակորդ: Վերջինը պետական կառավարման ամբողջ համակարգն էր՝ վերից վար կառուցվածքով»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ հասարակության մեջ կա ողջախոհ հատված, որին էլ ամեն կերպ փորձ է արվում մղել անկյուն, ներկայացնել կեղծ թիրախներ:

Դաշնակցական գործիչը մարտահրավերների շարքում շեշտեց իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողությունները:

«Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար պլանավորված ձևով փորձում էր իրականացնել, բացահայտում է նաև անձնիշխանության, անձնակենտրոն իշխանության ցանկություններն ու ձգտումները: Դատարանների շրջափակումը, դատավորների պիտակավորումը, փողոցային արդարադատությունը, ակնհայտ ապօրինի խափանման միջոցների ընտրությունը, մարդկանց անազատության մեջ պահելը, անձին արհեստական մեղավոր նշանակելը, անմեղության վարկածը ոտնատակ տալը, այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև հակառակը՝ խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության  մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն, իսկ ուրացումը՝ ամենօրյա ցանկություն և հնարավորություն»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ մենք իրավական պետությունը մի կողմ ենք դրել, և, որ իշխանությունները վերացել են ժողովրդավարական ամենատարրական կանոններից:

Այս համատեքստում նա պնդեց, որ քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է երկրում հասարակության քաղաքական կամքը ձևավորեն, այսօր որքան հնարավոր է՝ պիտակավորվում են, և հատկապես այն կուսակցությունները, որոնք  իշխանությանն ընդդիմախոսում են:

«Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված: Առանց քաղաքական կուսակցությունների՝ նաև գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության՝ ապագա չի կարող լինել: Պատահական չէ, որ, եթե առանց գաղափարախոսության ձևավորվում է իշխանություն, այն կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելուն, կամ պարզապես պետականությունը կորցնելու ճանապարհով»,- եզրափակեց Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս