«Ես վառոդի հոտ եմ զգում»
Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի, մտածված քայլ է եղել թե’ Ադրբեջանի, թե’ Թուրքիայի և թե’ Հունգարիայի կողմից: Այս մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Ադրբեջանը երբեք նման քայլ չէր անի` առանց Թուրքիայի հետ պայմանավորվածության:
Միաժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ այսօր ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեի Հայաստանը, քաբի որ, ըստ նրա` Ադրբեջանն արդեն իսկ մտածում է իր հաջորդ քայլերի մասին:
Նրա խոսքով` Սաֆարովին ներում շնորհելով Ալիևը ցույց տվեց ադրբեջանցիներին, թե` «տեսեք-տեսեք` ես իմ խոսքը կատարեցի»` այդկերպ փորձելով նախագահական ընտրություններից առաջ բարձրացնել իր հեղինակությունը:
«Որքան Սաֆարովը մնա Ադրբեջանում, այնքան գլխացավանք կլինի Ալիևի համար, դրա համար էլ Սաֆարովին Ադրբեջանում կսպանեն, սպանողը հայ կլինի, որից հետո էլ համայն աշխարհին կաղաղակեն, թե` մեր հերոսին հայերը վերացրեցին»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա դիտարկմամբ, եթե հիմա Հայաստանը կտրուկ քայլերի չդիմի, ապա հնարավոր չի լինի կանխել Ադրբեջանի արկածախնդրությունը: «Ես վախենում եմ, որ Ադրբեջանում պատվիրված հայի կողմից Սաֆարովի սպանությունը միջազգային հանրությունը կարող է բարդել Հայաստանի վրա: Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց կեղտը չբարդեն մեզ վրա և հերթական սուտը մեր մասին չասեն: Ես վառոդի հոտ եմ զգում: Ես վախենում եմ, որ մեր համարժեք պատասխանները կարող են ուշանալ»,- ասել է Կոմանդոսը` ընդգծելով, որ կտրուկ քայլեր ասելով նկատի ունի ԼՂՀ անկախության ճանաչումը: