ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Դեկտեմբերի 20-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին, նրանց առօրյային և մատուցվող ծառայությունների առանձնահատկություններին: Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել ինչպես տնօրինության, այնպես էլ որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ:
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին: Նա ընդգծել է, որ ընտանիքից կտրվածությամբ պայմանավորված՝ երեխաներն արդեն բավականին խոցելի վիճակում են գտնվում, ուստի՝ անհրաժեշտ է նրանց մատուցել բարձրորակ սոցիալական ու հոգեբանական ծառայություններ:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատության տնօրենի հետ:
Պաշտպան Ա. Բեգլարյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։