2019 թվականին ՔԿՀ-ներում ինքնասպանություն է գործել 5 կալանավոր
2019 թվականի վիճակագրությամբ Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն են գործել 5 կալանավոր, որոնք հիմնականում կապված չեն քրեակատարողական ծառայության հետ: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
« 5 դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, երկու դեպքերով քրեական գործերի վարույթները ավարտվել են և կարճվել են` հանցակազմի բացակայության պատճառով: Մեկ դեպքով անձը եղել է պարսկահայ, մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և թողել է հետգրություն՝ խնդրելով իր ինքնասպանության հարցում որևէ մեկին չմեղադրել: Մյուսով, որով նախաքննությունը ևս ավարտվել է, ինքնասպանություն կատարած անձը մեղադրվել է անչափահասի սեռական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Հասկանալի է, որ ինքնասպանության շարժառիթը հենց դրանով պետք է լինի պայմանավորված»,- ասաց Գոյունյանը:
ՔԿԾ պետի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների համար որոշակի նախապայմաններ է ստեղծում զբաղվածության չապահովումը:
«Ես իմ առաջ նպատակ եմ դրել, որպեսզի առաջիկայում հնարավորինս նպաստեմ ապահովելու դատապարտյալների զբաղվածությունը»,- եզրափակեց Գոյունյանը: