«Հուսամ, Ստյոպա Սաֆարյանն այդ ամենը կթողնի մի կողմ, քանի որ պատասխանատու աշխատանքի է անցել». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի ողջունում Հանրային խորհրդի նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի պահվածքը՝ լրատվամիջոցներին ցանկալիների և ոչ ցանկալիների բաժանելու և այն վերաբերմունքի համար, որը վերջինս ցուցաբերում է առանձին լրատվամիջոցների նկատմամբ:
«Հիմա հույս ունեմ, որ այս ամենը նա կթողնի մի կողմ, քանի որ պատասխանատու աշխատանքի է անցել, և իր գիտելիքներն ամբողջ պաշարով կծառայեցնի հասարակությանը, նաև՝ պետությանը: Եթե հանկարծ մենք այս ընթացքում տեսնենք, որ նա այս ուղղությունից շեղվելու է, միանշանակ դրա մասին բարձրաձայնելու ենք և դա անելու ենք նաև լրատվամիջոցների օգնությամբ»,- այսօր ԱԺ-ում ասաց Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե քաղաքական ընդգծված հայացքներ ունեցող, սոցիալական հարթակներում իշխանությունների քարոզչությամբ զբաղվող Ստյոպա Սաֆարյանի կողմից ղեկավարվող կառույցը  կարո՞ղ է  արդյոք դառնալ Կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար հարթակ, ինչպես Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով Ստյոպա Սաֆարյանին՝  ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Տ. Սիմոնյանի՝ նախկինում  առանձին թեմաներ կային, որոնց վերաբերյալ Հանրային խորհուրդը պետք է բան չասեր, սակայն ասում էր, կային թեմաներ, որ պետք է բուռն քննարկումներ կազմակերպեր, և այնտեղ գեներացնեին հանրային միտքը, սակայն այդպես էլ չէին կազմակերպում:

«Հուսամ՝ այսօր այդ միտումը չի շարունակվի, քանի որ նախկինում կարծեք թե չի կատարել այն ակնկալիքը, որն ուներ հասարակությունը: Եթե այսօրվա Հանրային խորհուրդը պետք է շարունակի չկատարել հասարակության ակնկալիքը, ապա կնշանակի, որ մենք ըստ էության որևէ օգուտ Հանրային խորհրդի միջոցով չենք բերելու: Հանրային խորհուրդը պետք է հարթակ դառնա բոլորի համար»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս