Հաֆթարի բանակը Լիբիայի կառավարությանը 72 ժամ է տվել Տրիպոլին և Սիրտը լքելու համար
Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար: Այդ մասին հաղորդվում է ԼԱԲ-ի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարության մեջ: «Դուրսբերման վերջին ժամկետն ավարտվում է կիրակի լույս երկուշաբթի օրվա 00:00-ին»,- ասված է մամուլի տեղեկագրում:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն:
Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոիից անկախ եւ համագործակցում են Հաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: