Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն եւ անմիջապես ազատ արձակելուն:
Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաեւ Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական եւ քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության եւ ցեղասպանության շարունակություն: Դա ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է եւ պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:
Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող եւ չեն մնա անպատասխան:
Այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաեւ 2012թ. ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:
Նիստին հրավիրված էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: