Քրեակատարողական ծառայությունում 140 թափուր հաստիք կա
Քրեակատարողական ծառայությունը ներկայումս բաղկացած է 2183 հաստիքային միավորից, որից 200-ը՝ կենտրոնական մարմնում, մնացածը` 1983 քրեակատարողական հիմնարկներում: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում գործում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ` անվտանգության պահպանության, ապահովման, օպերատիվ, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատաքների բաժիններ և այլն, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ` նյութատեխնիկական ապահովման, ֆինանսական բաժիններ և այլն: Հաստիքներից 140-ը այսօրվա դրությամբ թափուր են»,- շեշտեց Գոյունյանը:
Ծառայության պետը նշեց, որ իր առջև պահանջ է դրվել համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ, դատապարտյալների և կալանավորների պահման պայմանների իրական բարելավում, սննդի որակի բարձրացում, բժշկական սպասարկման ոլորտի արդիականացում և այլն: