«Ես գործի մարդ եմ, երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել և հետագայում էլ չեմ կարող ունենալ». ՔԿԾ պետ
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը պնդում է, որ իր նախկին պաշտոնները կամ դրանցով պայմանավորված կապերը որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ իր ներկա գործունեության վրա: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փարատելով մի շարք կասկածները, Գոյունյանն ընդգծեց, որ ինքը ոչ մեկի մարդը չի եղել:
«Ես գործի մարդ եմ, երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել և հետագայում էլ չեմ կարող ունենալ, քանի որ իմ բնույթով այդպիսին չեմ և չեմ կարծում, որ կյանքի շուրջ 50 տարին բոլորած անձը կարող է արմատապես փոխվել, այն էլ դեպի բացասական կողմը: Գործարարությամբ չեմ զբաղվել և մութ գործարքներում երբեք ընդգրկված չեմ եղել: Որպես բազմազավակ ծնող և թոռների պապ ցանկություն էլ չունեմ ներքաշվել, այսպես կոչված, մութ գործարքներում և արատավորել իմ անունը»,- ասաց Գոյունյանը: