Ամենաքննարկված նախագծերի «թոփ» եռյակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի տարի առաջ գործարկվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։ Այստեղ պետական գերատեսչությունները ներկայացնում են իրենց կողմից այս կամ այն օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, կազմակերպվում է հանրային քննարկում։
Ցանկացած մեկը կարող է հետեւել նախագծի ընթացքին, քննարկումներին, անգամ մասնակցել դրանց՝ արտահայտելով սեփական կարծիքը։ Կայքում մինչ այս պահը տեղադրվել է 2013 նախագիծ, որից 34-ն այժմ քննարկման փուլում են։ Դրանք կայքում տեղադրվում են 15 օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով։ Հետաքրքիր է դիտարկել, թե հատկապես որ նախագծերն են ամենաքննարկվածները։
Այս պահին դրանք երեքն են: Լայնորեն քննարկվեց ու քննադատվեց ֆինանսների նախարարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Միայն հանրային քննարկման հարթակում քվեարկողների 92 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։
Նշենք, որ փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, 2020ից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, աճելու է խաղային ոլորտի լիցենզիաների վճարը եւ այլն։
Հաջորդ ամենաքննարկված նախագծերից է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջության՝ 4-6 տոկոսանոց հարկ սահմանել։
Մյուս նախագիծը վերաբերում էր վարորդներին։ Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստանի տարածք արգելելու մասին էր։
Չնայած որ այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեռեւս 2017-2018 թվականներին, սակայն այսօր էլ չի զիջում իր դիրքերը ամենաքննարկված նախագծերի «լավագույն» եռյակում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: