Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱԱԾ-ի տոնին
ՀՀ ազգային անվտանգության համակարգում պետք է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել, որ ԱԱԾ-ն դառա առավել արդյունավետ: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա չի նշանակում, որ ծառայությունը կամ որևէ մարմին անթերի է աշխատում, այդպես չի կարող մտածել որևէ մեկը: Նա ընդգծեց, որ որևէ երկրում չկա անթերի աշխատող մարմին: ՀՀ վարչապետի խոսքով, մեր երկրի պետական ինստիտուտների որակի բարձրացումը կարևոր առաջնահերթություն է և պետք է հետևողական առաջ շարժվել այս ուղղությամբ:
«Այս ընթացքում քննարկումներ են եղել այն մասին, թե ես որքանով եմ որպես ՀՀ վարչապետ վստահում ԱԱԾ-ին, այն կառույցին, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր գործիչ, դրանից առաջ քաղբանտարկյալի կարգավիճակում էի: Բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգն աշխատում է տարբեր պայմաններում, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը: Որպես ՀՀ վարչապետ վստահում եմ ԱԱԾ-ին, որովհետև իմ պատկերացումը հետևյալն է՝ ԱԱԾ-ն չպետք է լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով ծառայություն պետք է լինի բոլոր իշխանությունների ժամանակ: Մեր խնդիրն է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել համակարգում, որ այն դառնա առավել արդյունավետ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակի ընթացքում ծառայությունն ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև կձևավորվեն առավել արդյունավետ կենտրոններ: ԱԱԾ-ն առավել կկենտրոնանա ահաբեկչության, սահմանադրական կարգի պահպանման և այլ խնդիրների վրա:
«Ցավոք, մեր հանրության մի զգալի մասը լավ չի պատկերացնում ԱԱԾ-ի գործունեության շրջանակը: Ընդգծեմ՝ հետախուզություն, հակահետախուզություն, սահմանապահ զորքեր, ահաբեկչության դեմ պայքար, որը սովորաբար դուրս է մնում ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին պատկերացումներից: Չափազանց կարևոր է, որ հետևողականորեն կարողանանք պայմաններ ստեղծել առավել արդյունավետ աշխատանքի համար»,-հավելեց նա:
Իսկ ի՞նչ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում ԱԱԾ աշխատակիցները, որքանո՞վ են նրանք պաշտպանված այդ հետևանքներից՝ լինի սոցիալական, առողջական: ՀՀ վարչապետը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է նաև իրենց ծառայությանը համարժեք ունենան սոցիալական, հոգեբանական պաշտպանվածության երաշխիքներ:
«Մաղթում եմ, որ ամեն տարի նշենք այս տոնն ավելի բարձր տրամադրությամբ՝ վստահ, որ մեր երկրում անվտանգության խնդիրները լուծված են առավել բարձր մակարդակով, անվտանգության հարցերով զբաղվող մարմինները կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չկարողանա էական սպառնալիք ստեղծել Հայաստանի, Արցախի հանրապետությունների համար: Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է, այն պետք է շարունակվի ի շահ հայ ժողովրդի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: