Կոնգոյի զինված ուժերը 400 զինյալների գերի են վերցրել երկրի արևելքում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը մեկ օրում երկրի արեւելքում ավելի քան 400 զինյալի են բռնել «Հանուն վերածննդի եւ ժողովրդավարության ազգային խորհուրդ» (CNRD) խմբավորումից: Այդ մասին հայտնել է The New Times-ը:
«Գործողության ընթացքում թշնամին ջախջախվել է, ապստամբական խմբավորման 400-ից ավելի աշխարհազորայիններ գերի են վերցվել կամ հանձնվել են»,-հայտարարել է Հարավային Կիվու եւ Մանիեմա նահանգներում Կոնգոյի բանակի հրամանատար գեներալ-մայոր Ակիլի Մուհինդո Մունդոսը: Նա նշել է, որ գործողությունը շարունակվում է եւ բանակային զորամասերը կատարում են անտառների շրջափակում, որտեղ դեռ զինված զինյալներ են մնում:
2016 թվականի գարնանը CNRD-ն անջատվել է «Ռուանդայի ազատագրման դեմոկրատական ուժեր» ահաբեկչական խմբավորումից, որի ղեկավարությունը Ռուանդայում մասնակցել է տուտսի ժողովրդի ցեղասպանությանը:
ԿԴՀ-ի զինվորական հրամանատարությունը երկու օր առաջ Ռուանդային է հանձնել CNRD-ի 291 զինյալների: Նրանց բռնել էին անցած հանգստյան օրերին, երբ Կոնգոյի զորքերը Հարավային Կիվու նահանգում շրջապատել ու գերի էին վերցրել 1950 ապստամբների ու նրանց ընտանիքների անդամների:
Հոկտեմբերի վերջից Կոնգոյի բանակը երկրի արեւելքում անցկացնում է վերջին տարիների ընթացքում զինյալների ջոկատների հայտնաբերման ու ոչնչացման ամենախոշոր գործողությունը: Հիմնական գործողությունները կանոնավոր զորամասերն անցկացնում են Հյուսիսային Կիվու նահանգում, որը սահմանակից է Ուգանդայի եւ Ռուանդայի հետ: Գործողությունը դարձել է հինգ երկրների՝ ԿԴՀ-ի, Ուգանդայի, Ռուանդայի, Բուրունդիի եւ Տանզանիայի՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք: ԿԴՀ-ում ՄԱԿ-ի կայունացման առաքելությունը հայտարարել է, որ ներկայիս գործողության շրջանակներում աջակցություն է իրականացնում Կոնգոյի ԴՀ-ի ուժերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: