«2020 թվականին քաղաքական հարցերում սպասվում են անսպասելիություններ, մեղադրանք, դատավարություն». Աստղագետ Էլյա Հովհաննիսյան
Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով 2020 թվականի կանխատեսվելիք իրադարձություններին, ասաց՝ տարին լինելու է պասիվ և ծանրաբեռնված աշխատանքով լեցուն: Աստղաբանը խորհուրդ է տալիս վերլուծել նախորդ տարիների գործունեությունը, «շարքից հանել այն հինը», որ կարող է բացասական ներգործություն ունենալ նոր կյանքի վրա:
«Այդ ժամանակաշրջանը պետք է լինի մտածված, չափված-ձևված, որ բացասական գործունեությունն անհատ մարդկանց ձեռքով չկատարվի: Բացասական գործունեությունը կազդի ամբողջ Հայաստանի վրա, և որտեղ էլ որ դա տեղի ունենա, կազդի հատկապես այն անձանց վրա, որոնք այդ բացասական գործունեությունը կիրականացնեն»,- ասաց Հովհաննիսյանը:
Աստղաբանն ասում է, թե պետք է զգուշանալ գործունեություն ծավալելիս այն տնտեսություններում, որոնք «ապահովում են կյանքը»:
Հունվարին կանխատեսում է ուրանի ներգործություն: Դա նշանակում է, որ հունվարին տեղի կունենան անսովոր, անսպասելի իրադարձություններ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով:
Ըստ աստղաբանի՝ տիեզերքը հիմա մեծ լարվածություն է ապրում, որն ավելի շատ վերաբերում է անհատներին:
«Հայաստանն այս տարի, բոլոր երկրների հետ միասին, դժվարություն կունենա: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա, բայց առաջիկա 10 տարին անկման տարիներ են լինելու: Հայաստանի վիճակի մասին դրական բան ասել չեմ կարող: Ամեն ինչ կարող է լինել»,- նկատեց աստղաբանը:
Նրա խոսքով՝ քաղաքական հարցերում սպասվում են անսպասելիություններ, մեղադրանք, դատավարություն: