«Եթե Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այն մարդիկ, որոնք լցված են հրապարակներում և որոշ ԶԼՄ-ներում, ծպտուն չէին հանի». Աղվան Վարդանյան
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որոշել է Գլխավոր դատախազություն դիմել պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այս հարցին և դրա շրջանակում պատմեց, որ ինքը 1999-ի հոկտեմբերի 27-ին մինչև «ահաբեկիչներին անվտանգության խուց տանելը ներկա է եղել»:
«Երբ դատաքննություն էր ընթանում, և մենք իբրև տուժող-վկա՝ ներկա էինք, երբ ես վկայություն էի տալիս, չգիտեմ՝ որքանով իմաստ ունի ասելը, բայց տիկին Բախշյանն ասում էր՝ ինչի՞ իմ ամուսինը սպանվեց, բայց դուք չսպանվեցիք: Ասացի՝ տիկին Բախշյան, ի՞նչ կարող եմ ասել, ցավում եմ, բայց նույն գնդակն իմ աթոռի թիկնակի մեջ էր խրված: Հիմա Հոկտեմբերի 27-ը պարբերաբար շահարկելը թողնենք տիկին Բախշյանին, իր մասին չեմ խոսում, նա զոհվածի այրի է, բայց Հոկտեմբերի 27-ի մասին խոսում են մարդիկ, որոնց նկարագիրը, բարոյականությունը, կյանքը… ուղղակի ամոթ է: Իսկ Հոկտեմբերի 27-ն իսկապես հարված էր մեր պետականությանը: Եվ եթե նույն Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդկանցից տասնյակները, հարյուրները, որոնք այսօր լցված են հրապարակներում, որոշ ԶԼՄ-ներում, ուղղակի ծպտուն չէին հանի»,- շեշտեց Աղվան Վարդանյանը: