Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». ձանձրալի չի լինի

Այսօր տեղի կունենա Եվրոպայի ամենասպասված ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Էլ Կլասիկոն։ Քաղաքական իրադարձությունները և Կատալոնիայում ցույցերը տեղափոխեցին այս Կլասիկոն հոկտեմբերի 26-ից՝ դեկտեմբերի 18։  Ցույցերն ամբողջությամբ չեն դադարել, ընդվզումներն ու խռովությունները շարունակվում են, բայց, կարծես, այս անգամ Կլասիկոն տեղի կունենա։

«Բարսելոնա»

Իսպանիայի վերջին երկու մրցաշրջանների չեմպիոնն իրեն վստահ է զգում այժմ: Էռնեստո Վալվերդեի սաները հազվադեպ են պարտվում ազգային առաջնությունում: Անցած 16 տուրերի ընթացքում դա տեղի է ունեցել երեք անգամ: Նշենք, որ կատալոնացիները միավորներ կորցրին ոչ ամենահզոր մրցակիցների հետ խաղերում:

Այնուամենայնիվ, մարզչական շտաբին հաջողվեց վերականգնել թիմի խաղը: Դա հիմնականում կապված է Լիոնել Մեսսիի վերադառնալու հետ: Լեոն այժմ շատ լավ մարզավիճակում է, արգենտինացին շատ լավ է զգում իրեն և գրեթե յուրաքանչյուր տուրում գոլ է խփում և անում է գոլային փոխանցումներ: Այս պահին արգենտինացին Պրեմիերայում ունի 12 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 2 գոլ:

Այս պահին առաջնությունում «կապտանռնագույններն» ունեն 9-խաղյա անպարտելի շարք: Վերջին անհաջողությունը նոյեմբերի սկզբին էր, երբ «Բարսելոնան» անսպասելիորեն  պարտվեց «Լևանտեին» (2:1):

Վերջին տուրերում կատալոնացիները հաղթեցին «Սելտային» (4:1), «Լեգանեսին» (2:1), «Մալյորկային» (5:2) և Մադրիդի «Ատլետիկոյին» (1:0): Այնուամենայնիվ, հաղթանակները դադարեցին «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում (2:2):

Վնասվածքների պատճառով Արթուր Մելոն և Ուսման Դեմբելեն չեն կարողանա մասնակցել այս հանդիպմանը։

«Ռեալ Մադրիդ»

«Արքայական ակումբը» փորձում է հետ չմնալ իր հավերժական և գլխավոր մրցակցից: Մրցաշարային աղյուսակում «Ռեալն» ունի նույն միավորները, ինչ «Բարսելոնան», բայց երկրորդ տեղում է՝ բաց թողած գոլերի տարբերության պատճառով:

Վերջին տուրում Զինեդին Զիդանի սաները  «Վալենսիայի» դեմ խաղում  կարողացան խուսափել պարտությունից: Խաղի ավարտը շատ հետաքրքրաշարժ էր: Խաղի 78-րդ րոպեին գոլ ընդունելով՝ «սերուցքայինները» պատասխան գոլը կարողացան խփել միայն ավելացված ժամանակում: Գոլը խփեց Քարիմ Բենզեման:

Հենց նա է այժմ «Ռեալի» հարձակման առաջատարը: Այս մրցաշրջանի  առաջնությունում նա դարձել է 12 գոլի հեղինակ և 4 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Մի շարք առանցքային խաղացողներ այժմ հաստատվել են «Արքայական ակումբի» հիվանդանոցում ՝ Էդեն Ազարը, Լուկաս Վասկեսը, Մարսելոն, Մարկո Ասենսիոն: Խաղին չի մասնակցի նաև Խամես Ռոդրիգեսը, ում մասնակցությունը հարցականի տակ էր։

Վիճակագրություն

Ընթացիկ առաջնության յոթ տնային հանդիպումներից յուրաքանչյուրում «Բարսելոնան» խփել է առնվազն երկու գոլ

Կատալոնական ակումբն առաջնության վերջին 15 հանդիպումներից 12-ում գոլ խփում է երկրորդ կեսում

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» երկու անգամ  հաղթեց «Ռեալին»՝ 5:1 տանը, և 1։0՝ Մադրիդում

«Ռեալը» Պրեմիերայում վերջին անգամ հաղթել է «Բարսելոնային»  2016 թվականի ապրիլի 2-ին

Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» այժմ ավելի վստահ է թվում, քան «Ռեալը»: Կատալոնացիները շատ լավ հարձակողական եռյակ ունեն: Գրիզմանն ու Սուարեսը միշտ պատրաստ են օգնել Մեսսիին: Հենց նրանք էին, ովքեր վերջին տուրում գոլ խփեցին «Սոսյեդադին»:

Առանց Ասենսիոյի, Ազարի, Մարսելոյի և Ռոդրիգեսի՝ «Արքայական ակումբը» մեծ խնդիրներ կունենա: Միայն Բենզեմային դժվար կլինի մրցել կատալոնացիների պաշտպանության հետ: Այժմ Բեյլը թույլ տեսք ունի, իսկ երիտասարդ Ռոդրիգոն կայուն չէ:

Սակայն սա Կլասիկոն է, և, ինչպես նշել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն՝ անկախ ամեն ինչից՝ այս խաղում ուժերը հավասարվում են։

Մրցաշրջանի առաջին Կլասիկոն տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս