Քոչարյանի ազատության հանձնախումբը նախատեսում է հանդիպել ԲԴԽ ներկայացուցիչներին և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության կամ խափանման միջոցի փոփոխման համար կազմակերպված ստորագրահավաքին ՀՀ-ից և Արցախից միացել է 60.000 քաղաքացի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պետք է դարձնել հանրային քաղաքական պահանջ:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀՀ երկրորդ նախագահին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ պետությանը, ո՛չ էլ քաղաքացուն:

«Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ ելքը Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է, ինչն իշխանությունն առայժմ չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով հանձնախմբի հետագա անելիքներին՝ նախկին դաշնակցական գործիչը տեղեկացրեց, որ աշխատելու են տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, ինչը ենթադրում է Քոչարյանի գործի վերաբերյալ և խախտումների մասին տեղեկության փոխանցում:

«Հանձնախմբի անդամներով նախատեսում ենք հանդիպումներ մի շարք օղակների հետ, դրանք կլինեն դատական համակարգի ներկայացուցիչներ՝ ԲԴԽ-ի, ՄԻՊ-ի, ինչպես նաև՝ հանդիպումներ կլինեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ»,- հավելեց Աղվան Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս