Թրամփի վարչակազմը դիրքորոշումը չի փոխել Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Պետքարտուղարությունը (Պետդեպ) պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:  Պետքարտուղարության պաշտոնական կայքում նշված է, որ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ունեցած դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչած ուղերձում»,- նշված է հայտարարությունում:

2019թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ցավակցական ուղերձում օգտագործել էր «Մեծ եղեռն» եզրույթը.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան…

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր ընդունել նմանատիպ բանաձև:

Տեսանյութեր

Լրահոս