Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել է օտարերկրյա միջամտությամբ
Մերձավոր Արեւելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
«Մեզ հարկավոր է քաջ գիտենալ՝ որտեղից են գալիս այնպիսի մի չարիքի արմատները, ինչպիսին ահաբեկչությունն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ դրսից այս տարածաշրջան են գալիս օտարերկրյա ուժեր, որոնք ոչ միայն նպաստում են ահաբեկչության ծավալմանը, այլեւ զենք են մատակարարում գրոհայիններին»,-ասել է Շամխանին՝ բացելով անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բազմակողմ հանդիպումը:
Նա հայտարարել է, որ մեկ տարի առաջ կայացած վերջին համանման հանդիպումից հետո Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել ոչ քիչ իրադարձություններ, որոնք սպառնացել են տարածաշրջանի պետությունների անվտանգությանն ու կայունությանը:
«Մեր տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այն դժբախտությունն ու չարիքն են, որոնք շարունակվում են եւ, ցավոք, սպառնում մեր ընդհանուր խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք, քան համատեղ աշխատելն ու համագործակցելն այդ ոլորտում»,-ասել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Հանդիպմանը, որը դեկտեմբերի 18-ին ընթանում է Թեհրանում, Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Թեհրան են ժամանել նաեւ Աֆղանստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: