Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու

Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր։

Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցը գնորդ չի գտնում և ամենայն հավանականությամբ չի գտնելու։ Սա շատ ավելի լուրջ փաստ է, քան մեկ հյուրանոցի չկայացած աճուրդը։ Սա ուղիղ կապով կասկածի տակ է դնում նվիրված, բռնագանձված և այլ ցանկացած ոչ կամավոր եղանակով գույքի և սեփականության խլման և վերաբաշխման Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։ Մի քաղաքականություն, որը դարձել է նրա հիմնական այցեքարտերից մեկը։

Հայաստանյան իրականության մեջ շատ դժվար է գտնել «նվիրված», խլված, բռնագանձված գույքի գնորդ։ Դա մի կարճ ժամանակ  հետո վենդետաների, դատական պրոցեսների անվերջանալի փուլ է լինելու։

Հնարավոր չէ վաճառել, ասենք, «Գոլդեն Փելեսը», միաժամանակ Խաչատուր Սուքիասյանին վերադարձնել «Բջնին»։ Մեր խնդիրն անձերը չեն, այլ ցույց տալ, որ իշխանությունը չի կարող միաժամանակ իրականացնել լրիվ հակառակ տրամաբանությամբ, իրարամերժ տրամաբանությամբ պրոցեսներ։ Տեսնելով «Բջնիի» հնարավոր զարգացումերը, ո՞ր խոշոր գործարարը մոտ կգա «Գոլդեն Փելեսի» աճուրդին։

Եթե հույսը օտարերկրյա ներդրողներն են, ապա այսօրվա Հայաստանի դատաիրավական «բեսպրեդելի» պայմաններում ո՞ր օտարերկրյա  ներդրողը կգա Հայաստան։ Արաբները եկել էին, դրանից հուշ մնաց միայն նրանց հագուստի քննարկումը։ Ուղղորդվող դատարանները, ռուսահայ ներդրողների առաջ դրված վետոն, արաբներին ծաղրելը, իշխանության անհավասարակշիռ պահվածքը՝ դրանք անհետևանք չեն անցնում։

«Գոլդեն Փելեսի» և այլ հնարավոր աճուրդների դեպքում կա նաև մեկ այլ հնարավոր տարբերակ։ Աճուրդների չկայացման դեպքում գնի սրընթաց նվազեցում և հաջորդ աճուրդների ժամանակ  յուրայինների կողմից դրա ձեռքբերում։ Սրա հավանականությունը, անկեղծ ասած մեծ չէ։ Այդպես կարող է լինել 1-2 դեպքում, բայց որպես քաղաքականություն այն չի կարող գործել։

Շատ ավելի կարևոր է հասկանալ պրոցեսն իր ողջ տրամաբանությամբ։

«Գոլդդեն Փելեսի» «նվիրատվության» արդյունքում այս պահին ունենք մեկ իրական փաստ՝ այն չի գործում, տասնյակ մարդկանց ազատել են աշխատանքից, նրանք գործազուրկ են։ Շոուի արդյունքը սա է, եթե շոուն դառնա քաղաքականություն և ստանա մեծ ծավալներ, ապա հետևանքները լիենլու են ավելի ծավալուն՝ չաշխատող Հայաստան։

Ի դեպ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն ասում է, թե «հնարավոր է , որ այլ ելք չգտնվի և պետությունը շահագործի հյուրանոցը»։ Ավելի վտանգավոր և ավելի չաշխատող գաղափար շատ դժվար էր գտնել։ Բառիս բուն իմաստով, սա կլինի վերադարձ հնին՝ վերադարձ խորհրդային սոցիալիստական համակարգին։ Ինչով դա վերջացավ, կարծում եմ գիտենք բոլորս։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս