«Գագիկ Ծառուկյանից նեղացած չեմ, ազնիվ խոսք»

«ԲՀԿ-ն ստացավ 29 տեղ համամասնական ընտրակարգով, և, որպեսզի 40-րդ տեղը զբաղեցնող Գրիգոր Գրիգորյանը` նույն ինքը` Շերիֆը` մարտի 1-ի գործողության կազմակերպիչն ու հրամանատարը, անցնի խորհրդարան, պետք էր 14 պատգամավորների ինքնաբացարկը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված, այնուհետև ինքնաբացարկ հայտնած Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե նա արդյո՞ք նեղացած է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամենևին նեղացած չէ. «Գագիկ Ծառուկյանին ես մարդկայնորեն շատ լավ եմ վերաբերվում, ազնիվ խոսք: Իմիջիայլոց, նա միշտ ինձ հետ խորհրդակցել է»:

Հ. Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին մեծ հաշվով մրցակից կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը. «Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հնարավորություն կտա Ս.Սարգսյանին ավելի բաց խոսել այն հարցերի վերաբերյալ, թե ինչը խանգարեց իրեն իրականացնելու իր ծրագրային դրույթները, և կլինի բանավեճ, որովհետև քաղաքական մարդկանց մասին է խոսքը. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական մարդ է»: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի հնարավորություններին, ապա, ըստ Հ. Հովհաննիսյանի, հաջողության հասնելու համար գործող նախագահը պետք է բացատրի, թե ինչու չկարողացավ արդյունքներ արձանագրել օլիգարխների դեմ պայքարում:

«Եթե Սերժ Սարգսյանն ընտրությունների նախօրյակին չասաց, թե ինչն էր պատճառը, որ այս 5 տարիների ընթացքում, բացի իր եղբորից` Սաշիկ Սարգսյանից, ուրիշ ոչ մի օլիգարխի չկարողացավ հեռացնել քաղաքական ասպարեզից, և շիտակ չխոսի ժողովրդի հետ, նրա շանսերը շատ երերուն կլինեն: Նա պետք է բացատրի, թե ինչու այս 5 տարիների ընթացքում նա չկարողացավ իրականացնել իր ծրագրային դրույթները, ինքը պետք է ազնիվ և շիտակ պատասխանի, թե ի՞նչն իրեն խանգարեց և ովքե՞ր: Առանց այս հարցի պատասխանի` նա չի կարող հասնել նրան, որ ընտրությունները համոզիչ լինեն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս