«Թող ոչ մեկին չհետաքրքրի՝ որտեղ եմ ես»․ Վալերի Օսիպյան. «Ա1+»
Լրատվամիջոցներում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։ «Ա1+»-ը կապ է հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։ «Ես ազատ քաղաքացի եմ»,- ասաց նախկին ոստիկանապետը։
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իբրեւ Արմեն Գինոսյանը քրեական հեղինակություն է, պարոն Օսիպյանը նշեց, որ Արմեն Գինոսյանը հանցագործ չէ, եւ որ իր շրջապատում հանցագործներ չկան։ «Իսկ հանցագործները նրանք են, ովքեր նման հոդվածներ են պատվիրում, եւ ես գիտեմ, թե ովքեր են նրանք »,- նշեց նա։
«Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլեւ իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը եւ իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն, տասնյակ-միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ», -ասաց նախկին ոստիկանապետը։
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն, թե ինքն ինչ սկզբունքների տեր մարդ է, ինչպես է պայքարել հանցավորության դեմ։
«Ես միշտ պայքարել եմ հանցավորության դեմ եւ հիմա էլ պատրաստ եմ եւ պայքարում եմ։ Նախկին ոստիկան չի լինում։ Նոր Հայաստանի կարգախոսն է՝ դուխով, բոլորը գիտեն Օսիպյանի դուխով լինելը»,- եզրափակեց Վալերիյ Օսիպյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: