«Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը». «Վերնատուն»
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ.
Ազգային ժողովն ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք:
Օրենքին կողմ է քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այսինքն` այս կարևորագույն փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանական կոնսենսուսի իսպառ բացակայությամբ և գործադիր իշխանությունից եկած թելադրանքով: Սա իրենց չենթարկվող անկախ դատավորներից ձերբազատվելու հերթական քայլ է։
Թեև վերջին շրջանում վտանգավոր օրինաչափություն է դարձել խորհրդարանական մեծամասնության կողմից վիճահարույց օրենքների ընդունումը կամ քննարկումը, այդուհանդերձ մենք գտնում ենք, որ ՍԴ-ին վերաբերող օրենքը ամենամեծ ռիսկերն է պարունակում։ Սա միջամտություն է ՍԴ–ի աշխատանքներին, միտված է ՍԴ լիազորությունների յուրացման եղանակով սահմանադրական արդարադատության վերացմանը և սպառնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Կեղծ հիմնավորումներով հիմք է դրվում քաղաքական իշխանությունների փոփոխությամբ դատական իշխանության փոփոխության հակասահմանադրական երևույթի։
Ակումբը սույն օրենքը գնահատում է Սահմանադրության տառին և ոգուն հակասող, քանզի խախտվում են իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները, փորձ է արվում հաստատել իրավական և ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն: Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 213-րդ հոդվածներին:
Հարկատուների հաշվին մեկ մարդու ցանկությունների բավարարմանը միտված այդ փաստաթուղթն այժմ Հանրապետության նախագահի տիրույթում է, և նրա ուղղակի պարտականությունն է կասեցնել հակասահմանադրական օրենքի ընդունման գործընթացը` դիմելով ՍԴ` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը, քանզի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահի գործառույթն է Սահմանադրության պահպանմանը հետևելը:
Եթե անգամ Հանրապետության նախագահը ստորագրի այս օրենքը, ապա միևնույն է` այն վաղ թե ուշ ճանաչվելու է հակասահմանադրական, սակայն հասցված վնասները կլինեն անդառնալի: Պահն է գիտակցելու պետության գլխի անձնական պատասխանատվությունը մեր երկրի ներկայի և ապագայի համար:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ