Լիսկան հայտարարում է, որ ՀՅԴ-ն է սուտ տեղեկություններ տարածում (տեսանյութ)

Երեկ Կապանի «Սոսի» հեռուստաընկերությամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անդրադարձել է օգոստոսի 30-ին Կապանի քաղաքապետի ներկայացրած ինքնաբացարկի դիմումին, ինչպես նաև այն հայտարարությանը, թե քաղաքապետի, այսպես ասած` հրաժարականը պայմանավորված է ընտրապայքարին ստեղծված թշնամական մթնոլորտով:

Մարզպետը տեղական հեռուստաընկերության եթերում ասել է, որ այն լուրերը, համաձայն որոնց` ճնշումներ ու ահաբեկումներ են եղել` սուտ են, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա` նման լուրեր տարածում է ՀՅԴ-ն: «Ահաբեկություն ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ չի եղել: Ինչ վերաբերում է, որ  քաղաքապետին, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին են ահաբեկել, ես վստահորեն ասում եմ, որ նման բան չի եղել: Եթե լուրեր են տարածվել, թե շըստոյից,  ոստիկանության վեցերորդ բաժնից, յոթերորդ բաժնից են եկել, չգիտեմ, նմանն խոսակցություններ կան,  ես վստահեցնում եմ, պատասխանատու հայտարարում եմ, որ նման բան չի եղել, ոչ մեկը քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին չի ահաբեկել, իմ կողմից անձամբ ահաբեկիչ որևիցե խոսակցություն չի եղել: Մենք երևի թե, ըստ ինձ, մինչև էսօր էլ մտերմիկ հարաբերություններ ունենք: Մենք վերջին անգամ իրար հանդիպել ենք ամսի 17-ին, շատ ջերմ  խոսակցություն ա եղել մեր մեջ , էսպես ասած` շատ կառուցողական խոսակցություն: Այդ խոսակցությունից հետո մենք իրար ցտեսություն ենք ասել, որից հետո խոսել ենք հեռախոսով»,- ասել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը, ով նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, սատարում է Կապանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու  Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Հիշեցնենք նաև, որ մարզպետը քաղաքապետի վրա գործադրած ճնշումների մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Լսի՛, Հայաստանի բոլոր քաղաքներում, մասնավորապես՝ մարզկենտրոնի համար, պետք է օրինակելի քայլ լինի, որովհետև ժողովուրդը փորձում է միասնական լինի, և այդ միասնությունը հարգելով` մեկը հանում է և թողնում է մյուս թեկնածուին: Ո՞նց կարա թշնամանք լինի:  Տրամաբանությունը ո՞րն ա` հալա ասա: Մարդն ինքը ինքնաբացարկ ա հայտնում ու ասում ա` հանուն մեր ժողովրդի միասնության` ես թողնում եմ, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն անցնի: Էդտեղ ի՞նչ թշնամանքի մասին ա խոսվում: Երբ որ զենքով տային, իրար տային-սպանեին, էդ ժամանակ թշնամանքի մասին  կխոսվեր: Հիմա հասկանո՞ւմ ես, որ մարդը՝ հանուն քաղաքի միասնության, հանուն քաղաքի վաղվա օրվա` ինքնաբացարկ է հայտնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս