Աշխարհի ամենածեր ամուսնական զույգը նշել է հարսանիքի 80-րդ տարեդարձը
Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Տարեդարձի առթիվ Ջոնը Շառլոտային զբոսանքի է տարել 1920 թվականի թողարկման ավտոմեքենայով եւ նրան ծաղկեփունջ է նվիրել՝ կրկնելով իրենց առաջին ժամադրության իրադարձությունները:
Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում՝ դիտելով այդ տարիների ընթացքում զույգի լուսանկարների սլայդ-շոուն: Ապագա ամուսինները ծանոթացել են 1934 թվականին Տեխասի համալսարանում եւ ամուսնացել 1939 թվականին: Հենդերսոններին ներառել են Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր ամուսնական զույգ:
«Նրանք հիանալի զույգ են եւ շատ երջանիկ մարդկանց օրինակ հարաբերություններում. նրանք ուրախ են լինել կողք-կողքի, միասին ճանապարհորդել եւ պարզապես ապրել»,-հայտարարել է ամուսինների թոռը՝ Ջեյսոն Ֆրին: Հեռուստաալիքը նշում է, որ ամուսիններն ամուր առողջություն ունեն, եւ նրանք ասում են, որ երկարակեցության եւ երջանիկ ամուսնության գաղտնիքը համեստ կյանքի եւ փոխադարձ սիրո մեջ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: