Այս տարի ճանապարհորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը
2019 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը տարեկան արտահայտությամբ ավելացել է չորս տոկոսով, սեկտորի դինամիկան առաջվա պես գերազանցում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալներով՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին աշխարհում գրանցվել է 1,1 մլրդ միջազգային տուրիստական ժամանում:
Դա 43 միլիոնով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Փորձագետները ճշտում են, որ գլոբալ տնտեսական անկումը, աշխարհաքաղաքական լարվածությունը եւ Brexit-ի շուրջ ստեղծված երկարատեւ անորոշությունը ճնշում են գործադրել միջազգային զբոսաշրջության վրա: Արդյունքում, ամառային լարված տարեշրջանի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում այն ցուցաբերել է աճի ավելի չափավոր տեմպեր: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջությունը եկամուտներով երրորդ արտահանական ճյուղն է աշխարհում: 2018 թվականի դրությամբ սեկտորի եկամուտները գնահատվում են 1,7 տրլն ԱՄՆ-ի դոլար: Այդ ցուցանիշով ինդուստրիան զիջում է միայն նավթի-գազի ու քիմիական արդյունաբերությանը:
Միջազգային զբոսաշրջությանը բաժին է ընկնում ծառայությունների համաշխարհային արտահանման 29 տոկոսը եւ ընդհանուր արտահանման յոթ տոկոսը: Առանձին տարածաշրջաններում այդ հարաբերակցությունները գերազանցում են համաշխարհային միջինը, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որտեղ զբոսաշրջությունը կազմում է ծառայությունների համաշխարհային արտահանման ավելի քան 50 տոկոսը եւ ընդհանուր արտահանման մոտավորապես ինը տոկոսը: Ամենաբարձր աճն արձանագրել են Ավստրալիան (+9 տոկոս), Ճապոնիան (+8 տոկոս) եւ Իտալիան (+7 տոկոս) այն դեպքում, երբ Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները նվազում են գրանցել: Միջերկրածովյան ուղղությունները եկամուտների տեսակետից ամենաուժեղներից մեկն են եղել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: