«Ծաղրելի է՝ մեկ անգամ փակ քննարկման մասնակցելով՝ գալ եզրակացության, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 15-20 տարում». Ադրբեջանագետը՝ Իոաննիսյանի մասին

Պրոֆեսիոնալը դիլետանտից տարբերվում է նրանով, որ պրոֆեսիոնալը մասնակցում է փակ քննարկման, որից հետո վերադառնում է և շարունակում իր առօրյան, Ֆեյսբուքում երբևիցե նա չի գրի, որ մասնակցել է փակ քննարկման: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միություն» հ/կ-ի ծրագրերի ղեկավար, Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանի՝ ԼՂ հարցով փակ քննարկմանը մասնակցության մասին գրառմանը, թե «սուտ է այն թեզը, որ գործող իշխանությունը հող հանձնող է», փոխարենը՝ Իոաննիսյանը «հող հանձնողի» սլաքն ուղղում է նախկին իշխանությունների վրա:

«Ուզում է ցույց տալ, թե տեսեք՝ ես ինչքան կամ, որ մեծերն ինձ խաղացնում են և հրավիրում փակ քննարկման: Ես այս հարցով զբաղվում եմ ավելի քան տասը տարի, այդօրինակ քննարկումներ լինում են տարին մի քանի անգամ: Վերջին տասը տարվա ընթացքում շատ անգամներ եմ մասնակցել նման քննարկումների և կարող եմ գնահատել՝ ով է հող հանձնում, ով՝ չի հանձնում: Բայց մի անգամ մասնակցելով փակ քննարկմանը՝ գալ եզրակացության, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 15-20 տարիների ընթացքում, եկեք չմեկնաբանեմ, որովհետև ոչ մի լավ բան չեմ կարող ասել դրա վերաբերյալ: Սա ընդամենը ծաղրելի է: Բայց ես ուրախ եմ Իոաննիսյանի համար, որ վերջապես նրան հրավիրում են փակ քննարկումների: Դա իր համար մեծ ձեռքբերում է իսկապես»,- շեշտեց Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս