Տաթևիկ Ռևազյանը` Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին ուժեղացված ուսումնասիրության ենթարկելու մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումներ իրականացնելու մասին տեղեկությունը: Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ավիաընկերությունների ցանկ՝ անդրադառնալով օդային անվտանգության հետ կապված խնդիրներին: Հայտարարության մեջ խոսվում է նաև Հայաստանի մասին, որ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգման ՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

«Նոյեմբերի 20-ին մեզ կանչեցին այդ հանդիպմանը, և մենք կարող էինք հայտնվել այսպես կոչված «սև ցուցակ»-ում, բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք, երկու ժամ հանդիպում եղավ, բոլոր հնչած հարցերին սպառիչ պատասխանեցինք: Արդյունքում, նրանք համարեցին, որ հիմա չարժե որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ ներառել: Նրանց կողմից որոշում կայացվեց, որ գան Հայաստան, ավելի կոնկրետ՝ փետրվարին: Հետո մեզ կկանչեն հանդիպման արդեն մայիսին, որ վերջնական որոշում կայացնեն»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ այդ ուղղությամբ շատ աշխատանք կա կատարելու, և դա պետք է արվեր դեռ 10 տարի առաջ: Խնդիրը Հայաստանում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ բարձր մակարդակով վերահսկողությունն է: «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն դիմել էին ԵՄ չվերթներ իրականացնելու համար: Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Առաջին երկու ընկերությունն աուդիտն անցել է, երրորդը չի կարողացել անցնել:

«Հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել մեր քաղավիացիայի հսկողության վրա: Հարցում էին, թե ինչո՞ւ չենք նկատել այդ խնդիրները: Այո մենք պետք է կարողանանք այդ բոլոր խնդիրները հայտնաբերել: Պատճառը կապված է ռեսուրսների հետ, աշխատավարձերը շատ ցածր են և ամենալավ մասնագետները նախընտրում են մասնավոր ընկերությունները: Դրա համար մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, գտնում ենք, որ պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, որ աշխատավարձերը կարողանանք բարձրացնել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա ընդգծեց, որ դա չի լինելու պետբյուջեի հաշվին: Այլ հնարավորություն է տրվելու Քաղավիացիային, որ սկսեն գումար գանձել իր ծառայությունների համար: Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է:

«Եթե Հոլանդիայում ուզում ես ավիաընկերություն գրանցել, ապա դա արժե 25 հազար եվրո: Հայաստանում դա անվճար է, եթե դու օդաչու ես, ուզում ես քո լիցենզիան երկարաձգել, ապա մեզ մոտ անվճար է: Երբ մենք սկսենք մեր ծառայությունների համար գումար գանձել, արդեն կկարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը: Կարողանանք պատրաստել ու վերապատրաստել նոր մասնագետների»,-ասաց նա:

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, թե «Տարոն Ավիա»-ն փակել են, որ Ryanair-ը գա Հայաստան: Նա ընդգծեց, որ նման բան չկա, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: «Տարոն Ավիա»-ն վաղուց Հայաստանում թռիչքներ չի իրականացնում, այլ աշխատում է աֆրիկյան երկրներում:

«Ես միաժամանակ ուզում եմ «Տարոն Ավիա»-ի ղեկավարությանը շնորհակալություն հայտնել: Նրանք առաջնային համարեցին Հայաստանի անունը, ոչ իրենց անձնական, կոմերցիոն հարցերը: Համատեղ որոշեցինք ավիաընկերությունը փակել, որ Հայաստանում որևէ ավիաընկերություն չհայտնվի սև ցուցակում»,-հավելեց Տաթևիկ Ռևազյանը:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն մինչև մայիս ունի ժամանակ՝ ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի համար: Նա վստահեցրեց, որ բոլոր շահագրգիռ կողմերն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են:

Տեսանյութեր

Լրահոս