Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ Գրիգոր Հ.-ն (ծնված 2004 թ.), լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: Փրկարարները լուսավորել են տարածքը: