«Մեր հանրապետության վարչապետն ասաց, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք». Րաֆֆի Հովհաննիսյան

Ես այդ գործի վերաբերյալ տեղեկություն չունեմ, թող դատախազությունը զբաղվի, պարզապես սելեկտիվ և ընտրովի չպետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

«Այո, եղել են մեծ և փոքր հանցագործություններ՝ տնտեսական, քաղաքական, ընտրագողություն, պարզապես գիտեմ, որ 1995-ից այս կողմ, եթե չասեմ՝ 1992-ից, եղել են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մեծ և փոքր հանցագործություններ: Իսկ Սերժ Սարգսյանի գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող դիտարկում անել»,- նշեց նա՝ ակնարկելով, որ օրենքի առաջ նախկին և ներկա ղեկավարները պետք է հավասար լինեն:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013թ. հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք:

168.am-ը խնդրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատական տա նաև մարտիմեկյան իրադարձությունների շրջանակում հարուցված գործերի վերաբերյալ:

«Ես չգիտեմ, ինչ նորություն կա Մարտի 1-ի հետ կապված, բայց միշտ ասել եմ՝ կողմնակից եմ ամբողջական բացահայտումներին, որպեսզի պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավաբանները վերից վար բերվեն վկայություն տալու: Բոլոր հոդվածներով պետք է տարվեն բոլորը, բայց առաջին հերթին՝ ինձ հուզում են տասը զոհերի պատասխանատուները, հրահանգողները և իրացնողները: Այդ բոլոր հոդվածները կարևոր են, թող լինեն անկախ ամեն ինչից, բայց կորիզն այդ տասը զոհերի հրահանգողներն ու իրացնողներն են: Ես կարծում եմ՝ մինչև պատասխանատուների այդ ամբողջ համաստեղությունը չլինի, կծիկը պիտի լինի չլուծված: Մեր հանրապետության վարչապետն ասաց, որ «Մարտի մեկի» գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս