«Կարծում եմ՝ Թուրքիան անցել է այն գիծը, որն իրեն թույլ էին տալիս». Հովհաննես Իգիթյան
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչման:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկրի կողմից ամենաբարձր մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը նպաստում է, որպեսզի Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը:
«Ամեն անգամ Թուրքիան որպես օրինակ է բերում այն երկրին, որը չի ճանաչել Ցեղասպանությունը, գնալով այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը լուրջ դերակատարություն ունի աշխարհում և ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության այս ձևով ընդունումը շատ մեծ հորդոր կլինի Թուրքիային, հասկանալու համար, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, և Թուրքիան պետք է հաշտվի այդ մտքի հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա՝ երկար ժամանակ տարբեր երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, ասում էին, որ չի կարելի նման բանաձև ընդունել, քանի որ Թուրքիան մեծ դերակատարում ունի տարածաշրջանում, և տարածաշրջանի լարվածության հանգուցալուծումը կապում էին Թուրքիայի հետ:
«Միշտ ասվում էր, որ Թուրքիան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի միակ ակտիվ դաշնակիցն է, ունի մեծ բանակ, ազդեցություն, ընդունում է մեծ թվով փախստականներ: Սակայն այսօր այլ է, և այն, ինչ փոխվեց, մի օր պետք է փոխվեր: Կարծում եմ՝ Թուրքիան անցել է այն գիծը, որն իրեն թույլ էին տալիս: ԱՄՆ-ը հասկացավ քաղաքականությունը՝ Թուրքիային, այսպես ասած, ամեն ինչ ներելու և աչքերը փակելու որոշ ագրեսիվ գործողությունների դեմ, ունենում է հակառակ արդյունքը: Եվ Էրդողանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում