ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրի կորուստը 50-80 տոկոս է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած ակնհայտ մարտահրավերներից է, և հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան:

Մեր երկրի ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, դրանց մեծ մասը տեխնիկապես ոչ բավարար վիճակում է, և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։

Թեպետ ջրային ռեսուրսները վերականգնվող են, այնուամենայնիվ, դրանց վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:

Այս նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, ինչն էլ հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները և բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:

Դա էլ իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:

Սրանք նախագծում առկա հիմնական դրույթներն են, իսկ հիմա իրավիճակն այլ տեսանկյունից։

Մի քանի տարի է, ինչ մարզերում հիմնանորոգվում են ջրամատակարարման համակարգերը, փոխվում են խողովակները՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Խմելու ջրի պարագայում կորուստները նվազագույնի հասցնելու համար անգամ վերջերս սկսեցին փականներ տեղադրել մայրաքաղաքի փողոցներում առկա ցայտաղբյուրների վրա։ Մասնագետների կողմից պարբերաբար կարծիք է հնչում, որ Հայաստանի ջրերը ոչ ռացիոնալ են օգտագործվում։

Հանրության մոտ միևնույն ժամանակ կարծիք կա, որ ջուրը երբեք չի սպառվելու։ Իրականությունը, սակայն, այլ է։

Այդ իրականությունը կարելի է տեսնել այն երկրների օրինակով, որտեղ խմելու մաքուր ջուրն ուղղակի ճոխություն է։

«Փաստը» բազմիցս անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար, մինչդեռ ահազանգեր են հնչեցվում, որ լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։

Եթե կար ժամանակ, երբ լճի ջուրն օգտագործվում էր խմելու նպատակով, ապա այժմ այդ մասին խոսելն ուղղակի տեղին չէ։

Բնապահպաններն ընդգծում են՝ եթե լրջագույն քայլեր չկատարվեն լիճը մաքրելու, դրա կենսաբազմազանությունը վերականգնելու, ոռոգման նպատակով ջրառը որոշ ժամանակով իսպառ վերացնելու ուղղությամբ, ապա ոչ միայն կշարունակվի լճի ծաղկման գործընթացը, այլ կկանգնենք լիճն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև։ Անդրադարձել ենք նաև գետերի աղտոտման խնդրին։

Նշել ենք, որ շատ դեպքերում կա՛մ իսպառ բացակայում են ջրի մաքրման կայանները, կա՛մ էլ դրանք չեն գործում ինչպես հարկն է։

Ընդ որում, մաքրման կայանների խնդիր առկա է նաև Սևանա լճի պարագայում։ Գետերում առկա խնդիրների ավելացմանը մեծապես «նպաստում են» ՀԷԿ-երը, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, երբ վթարների կամ էլ գետեր նետված պոչանքների հետևանքով աղտոտվում են գետերը, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։

Կարծիք կա, որ որոշ ժամանակ հետո ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը։ Ստացվում է, որ Հայաստանն ունի այդ բնական ռեսուրսը, սակայն ոչ բարեխիղճ օգտագործման հետևանքով կարող ենք զրկվել դրանից, որը տարիներ հետո գուցե ավելի թանկ լինի, քան նավթը և գազը։

Որոշ փորձագետների գնահատմամբ, 2030-2040 թվականներին, կլիմայական փոփոխություններից ելնելով, Հայաստանի ջրային պաշարները կարող են կրճատվել 20-25 տոկոսով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս