Ռուսների պարտադրված արձագանքը
Ռուսաստանի արտգործնախարարությունը քիչ առաջ վերջապես արձագանքել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան ազատություն շնորհելու փաստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անունից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը խորապես մտահոգ է Սաֆարովին արդարացնելու և ազատելու որոշմամբ, ինչպես նաև՝ նրան արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համարվող Ռուսաստանում խորը մտահոգությամբ ընդունեցին 2004 թ. Հունգարիայում առանձնակի դաժանությամբ հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին Բաքվի կողմից ներում շնորհելու մասին տեղեկությունը, ինչպեսև՝ Հունգարիայի իշխանությունների կողմից նրան արտահանձնելու մասին որոշումը»: «Համարում ենք, որ Ադրբեջանի, հավասարապես՝ նաև Հունգարիայի իշխանությունների այդ գործողությունները հակադրվում են միջազգային մակարդակում, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համաձայնեցված ջանքերին, ուղղված տարածաշրջանում լարվածության մեղմացմանը: Ակնկալում ենք նաև՝ ստեղծված իրադրությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համապատասխան գնահատականը կհնչի ամենամոտ ժամանակում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ուշագրավ է, որ ՌԴ պաշտոնական արձագանքը հնչեց Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց չորս օր անց միայն, ընդ որում` ոչ թե ԱԳ նախարարի կամ փոխնախարարի, այլ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով: