Արևադարձային ծաղկի մեջ հայտնաբերված նյութը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները
Արեւադարձային ծաղկի մեջ պարունակվող նյութի հիման վրա գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են ChemMedChem հանդեսում։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների ամենաագրեսիվ եւ մահացու տեսակներից մեկն է: Այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում եւ շատ դժվար է բուժել, քանի որ քաղցկեղի այս տեսակը կայուն է բազմաթիվ հակաքաղցկեղային պատրաստուկների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի գիտնականները՝ Բաթի համալսարանից Սայմոն Լյուիսի եւ Տոյամայի համալսարանի պրոֆեսոր Սուրեշ Ավալեի ղեկավարությամբ, պարզել են, որ գրանդիֆլորացինը, այն ակտիվ նյութը, որը պարունակում է Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում տարածված ուվարիա (Uvaria grandiflora) արեւադարձային ծաղիկը, ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Գրանդիֆլորացինի հիման վրա նրանք ստեղծել են երեք պատրաստուկ, որոնք քաղցկեղի դեմ նույնիսկ ավելի արդյունավետորեն են պայքարում, քան բնական նյութը:
Չնայած այն բանին, որ պահանջվում է փորձարկումների եւս հինգ տարի, նախքան կարելի կլինի սկսել նոր պատրաստուկների կլինիկական փորձարկումները, գիտնականներն արդեն այժմ հայտարարում են, որ այդ դեղամիջոցներն ավելի արդյունավետ եւ պակաս թունավոր կլինեն, քան ներկայում կիրառվողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: