Բաժիններ՝

Լևոն Արոնյանն  ու Գաբրիել Սարգսյանը շախմատի դպրոցի ֆինանսավորման համար դեռևս հովանավոր չեն գտել

Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում  հիմնված շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, պետության կողմից ֆինանսական աջակցություն չստանալու արդյունքում  2018 թվականի հոկտեմբերի 5-ից դադարեցրել է գործունեությունը, և մինչ օրս հովանավոր չեն գտել:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ Կառավարության հետ համաձայնության չգալու պատճառն այն է եղել, որ 120.000 դրամ աշխատավարձ էին առաջարկել: Հետագայում  քննարկումներ եղե՞լ են, փորձո՞ւմ են հովանավոր գտնել:

«Այո, այդ աշխատավարձով մեր լավագույն մարզիչները չէին կարող աշխատել, իսկ առանց նման մարզիչների՝ անիմաստ էր դպրոցը պահելը: Իսկ հովանավորներ չկարողացանք գտնել, կարելի է ասել՝ այս պահին, ցավոք, այդ էջը փակ է: Եվ այդ 120.000 դրամը ձևական առաջարկ էր, իրենք շատ լավ հասկանում էին, որ այդ առաջարկով դպրոցը փակում են: Ինչ վերաբերում է հետագա հանդիպումներին, ապա դրանք արդեն անիմաստ էին»,- պատասխանեց գրոսմայստերը:

Խոսելով առաջիկայում իր անելիքների մասին՝ Գաբրիել Սարգսյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-30-ը՝ Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս