Ֆրանսիայում, ութերորդ օրն է՝ շարունակվում է տրանսպորտի աշխատողների գործադուլը
Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղեգծերից չեն գործում տասը, եւս չորսը ուղեւորներին ընդունում են միայն պիկ ժամերին: Մշտապես աշխատում են միայն մետրոյի լիովին ավտոմատացված երկու ուղեգծեր:
Դեկտեմբերի 12-ին գործադուլավորներն ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքի ավտոբուսների վեց հավաքակայան եւ մասնակիորեն՝ եւս տասը: Փարիզում առավոտյան երթուղիներ են դուրս եկել տրամվայների ու ավտոբուսների կեսից պակասը: TGV ճեպընթացների միայն քառորդ մասն է երկաթուղային հաղորդակցություն ապահովում Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջեւ:
RER քաղաքային էլեկտրագնացքների թիվը բնականոն առավոտվա համեմատությամբ կրճատվել է կիսով չափ: Փարիզի տարածաշրջանում երթեւեկում է մերձքաղաքային էլեկտրագնացքների ու գնացքների ոչ ավելի, քան 25 տոկոսը: Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես է եկել կենսաթոշակային համակարգի նախատեսվող բարեփոխման առանձնահատկությունների շարադրմամբ: Նա հայտնել է, որ առաջիկա տարիներին թոշակներն ամբողջ ծավալով հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Կչեղարկվեն ներկայում գոյություն ունեցող երկու տասնյակ հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, ինչի հետեւանքով իրենց արտոնություններից եւ վաղ կենսաթոշակի անցնելուց կզրկվեն, մասնավորապես, պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատողները:
Դա առաջ է բերել արհմիությունների բուռն վրդովմունքը: Նրանք անհապաղ հայտարարել են, որ ոչ միայն կշարունակեն, այլեւ «կխստացնեն» գործադուլները: Մասնավորապես, երկրում բողոքների խոշոր համազգային օր կանցկացվի դեկտեմբերի 17-ին: Կա այն բանի հավանականությունը, որ գործադուլները կշարունակվեն նաեւ Սուրբծննդյան տոների օրերին: Դեկտեմբերի 12-ին այս սպառնալիքով հանդես է եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



