![](/banners/BeFunky-design.jpg)
«Նման աստիճանի անհանդուրժողականություն անգամ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել». Ստեփան Դանիելյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/Stepan-Danielyan-2.jpg)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառույց է։
Ինչո՞ւ։
Հիմնական պատճառները մի քանիսն են։
– Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։
– Խորհրդարանի կազմը քաղաքական չէ, այնտեղ մեծամասնություն են կազմում քաղաքական առումով պատահական (շատ մեղմ ասած) մարդիկ,
– Խորհրդարանը ինքնուրույն քաղաքական մարմին չէ։ Դեռևս գործադիր մարմնից այս աստիճան կախված խորհրդարան չի եղել։
– Սա ամենահակաժողովրդական խորհրդարանն է, ինչը շատերի համար կարող է անսովոր հնչել, որովհետև բոլորին ներշնչել են, որ Հայաստանում կատարվել է դեմոկրատական հեղափոխություն և խորհրդարան են մտել «ազնիվ» մարդիկ։ Դեմոկրատիան հիմնված է արժեքների վրա՝ խոսքի ազատություն, պատասխանատվություն, դիմացին լսելը և հարգելը։ Մենք պատգամավորների մոտ այդ հատկությունները չենք տեսնում, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորների հաճախակի օգտագործվող խոսքերը սպառնալիքներն են։ Նման աստիճանի անհանդուրժողականություն անգամ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, եթե չհաշվենք 1996-ին խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ջարդը։
Խորհրդարանական ճգնաժամը անխուսափելի է, ավելի ճիշտ, այդ ճգնաժամն այն իր մեջ պարունակում է և սուր դրսևորումները դեռևս առջևում են»: