«Ընդդիմությունը սիրո պակասը լրացնելու համար է». Անդրանիկ Քոչարյան
«Բոլորս ընդունում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ այդ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տրվում։ Հրայր Թովմասյանը սա պետք է ինքն ինքնուրույն աներ դեռ շատ ամիսներ առաջ, բայց թողեց՝ հասնի այնտեղ, որ խորհրդարանն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ ճգնաժամի հաղթահարման համար տալ հնարավորություն ՍԴ անդամներին։ Թե ինչքանով իրենք կօգտվեն այդ հնարավորությունից՝ կտեսնենք միայն հետագայում»,- այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին:
Նրա խոսքով՝ կարևոր են քննարկումները, որոնք առաջ են բերում ՍԴ-ում եղած ճգնաժամը:
Պատասխանելով ԲՀԿ-ի հայտարարությանը, որ իշխանությունները խոսում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտից, սակայն այսօր դրա պակասը կա, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ սիրո պակաս չի տեսնում:
«Ընդդիմությունը նրա համար է, որ, եթե սիրո պակաս կա, ինքը գա ու իր կողմից լրացնի»,- շեշտեց պատգամավորը։