Բաժիններ՝

Իսպանիայում հրդեհ է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում

Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը։

Գործարանը գտնվում է Մոնտոռնես-դել-Վալիես եւ Մոնմելո մունիցիպալիտետների միջեւ: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել Twitter-ում, որում հրդեհի վայրի հարեւանությամբ բնակվողներին ու աշխատողներին խնդրել է ամուր փակել դռներն ու լուսամուտները: Կատալոնիայի իշխանությունները բնակչությանը հանձնարարել են խուսափել հրդեհի շրջանից:

Տեսագրության մեջ, որը հրապարակվել է հրշեջ ծառայության էջում, երեւում են ծխի թանձր սեւ սյուները, որոնք տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից, սաստիկ կրակը մեծ տարածք է ճարակել: Mundo թերթի տվյալներով՝ Մոնմելո մունիցիպալիտետի իշխանությունները հայտնել են, որ բնակչության համար «քիմիական կամ թունավորման» սպառնալիք չկա: Միեւնույն ժամանակ տարհանում է իրականացվել հրդեհի վայրի մոտ գտնվող ընկերությունների գրասենյակներից: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս