«Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ». Վլադիմի Կարապետյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, եւ ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։
«Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, կհրապարակայնացնենք։ Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»:
Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) եւ Արման Սարգսյանը (ոստիկանություն) կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»:
Ի դեպ, խոսակցություններ կան նաեւ Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։ «Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։
«Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, եւ երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»:
Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: