«Թող հանգիստ նստեն տեղները». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների պնդումներին, որ խորհրդարանը ձևավորվել է խախտումներով, նշեց, որ ներկայիս իշխանությունը մեկ տարվա ընթացքում այնքան գործ է արել, որ ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին չի արել:

«Այնքան ճանապարհ, որ մեր իշխանության օրոք է վերանորոգվել, ընդ որում` որակով, իրենց իշխանության օրոք չի վերանորոգվել: Այնպես որ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները թող հանգիստ նստեն տեղները և վայելեն մեր այսօրվա լավ երկիրը»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ իրենք ապօրինի ճանապարհով են զավթել իշխանությունը, Հրաչյա Հակոբյանը նկատեց. «Իյա, իրո՞ք»:

Ինչ վերաբերում է իշխանության բացթողումներին՝ նա նշեց, որ դրանք շատ են, բայց եթե դրանք դնեն նժարին, ապա առավելություններն ավելի շատ են:

«Միանշանակ բացթողումներ ու դժգոհություններ եղել են, բազմիցս դժգոհությունների մասին խոսել են, որ մենք ավելի կոշտ միջոցներով չենք գործել: Ուսուցիչների, բժիշկների աշխատավարձը բարձրացել է, բայց ամեն ինչ միանգամից չի կարող փոխվել»,- շեշտեց նա:

168.am-ը Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ընդունել է Աննա Հակոբյանի՝ Համահայկական հիմնադրամին 10  հազար դրամ փոխանցելու մարտահրավերը, նա տեղեկացրեց, որ ընդունել է մարտահրավերը, առաջիկայում գրանցվելու է փոխանցումների համակարգում և աշխատավարձից փոխանցելու է 10  հազար դրամ:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ավելի շատ գումար փոխանցի, նա պատասխանեց, որ աշխատավարձով է ապրում և առայժմ 10  հազարից ավելի չի կարող փոխանցել:

Մանրամասները՝ 168.m-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս