«Ինձ ուղղակի դահլիճից հուշեցին, որ դրան փոխարինող համարժեք բառը «վտարանդի» բառն է». Հրաչյա Հակոբյան
Երեկ խորհրդարանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ նախագիծը բավականին օգտակար է, և հավելել էր.
«Իմ փորձով կարող եմ ասել՝ ես ծխող էի, հիմա շատ հազվադեպ եմ ծխում, առաջին անգամ, երբ հայտնվեցի օդանավակայանում՝ այն վայրում, որը թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», վտարանդի: Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի»:
Պատգամավորի այս ելույթը համացանցում տարաբնույթ քննադատությունների տեղիք է տվել:
168.am-ը Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ քննադատություններից հետո վերանայե՞ լ է կարծիքը, թե՞ շարունակում է նույնը պնդել:
«Ասեմ, որ բոլոր քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, շարունակում եմ նույնը պնդել, բայց այլ ձևակերպմամբ: Ի սկզբանե, իմ ընտրված բառը, որը չեմ համարում, որ դիպուկ բառ էր, եղել է «իզգոյ» բառը, որին հայերենում փոխարինող բառ չկա: Ինձ ուղղակի դահլիճից հուշեցին, որ դրան փոխարինող համարժեք բառը «վտարանդի» բառն է: Իմ ասելիքն ուղղված էր մեկուսացված լինելուն, այլ ոչ թե վտարանդի լինելուն: Ընդունում եմ բոլոր այն մեկնաբանություններն ու մեղադրանքները, որոնք հնչում են իմ ելույթի հասցեին: Բայց իմ ասելիքն այն էր, որ փոքր-ինչ մեկուսացված լինեն, քանի որ չի կարելի վերցնել ու հանրային վայրերում պրոպագանդել ծխախոտը»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Միաժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ հազվադեպ է ծխում, տանն ընդհանրապես չի ծխում, այլ ծխում է այն վայրերում, որտեղ թույլատրված է:
«Եթե գտնվում եմ այնպիսի սրճարանում, որտեղ ծխել չի կարելի, ես երբեք դուրս չեմ գալիս ու դրսում ծխում: Բայց եթե նստած եմ մի տեղ, որտեղ թույլատրված է ծխելը՝ ծխում եմ: Ծխախոտից կախվածություն չունեմ, բայց ինձ նույնպես համարում եմ, այսօրվա թրենդի լեզվով ասած՝ «վտարանդի», ինչն իրականում նշանակում է ոչ թե՝ վտարանդի, այլ մեկուսացված»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում