ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի նիստում հարցը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար»,- նշել էր Ադոնցը:
Այսօր ԱԺ նիստում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով: