Բաժիններ՝

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին: Քննարկմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են ՀՀ-ում խաղային ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ շնորհանդես: Մասնավորապես՝ ներկայացվել է լոկալ խաղասրահներում շահագործվող խաղային ավտոմատների տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների, ինտերակտիվ խաղային հարթակների, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված պլատֆորմները և խաղային ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան չափորոշիչները, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը:

Պարզաբանվել են չափորոշիչների հիման վրա սերտիֆիկացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորություններն ուառավելությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Պատասխանատու խաղ» հայեցակարգի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում կապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր մասնակիցների համար՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Կողմերի միջև տեղի է ունեցել ակտիվ և արդյունավետ քննարկում ներկայացված տեղեկատվության շուրջ: Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության է արժանացել առցանց խաղատների ներկայացուցիչների կողմից:

Քննարկման ավարտին որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը ոլորտի թափանցիկության և ցածր ռիսկայնության, փողերի լվացման բացառման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի գնահատման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերահսկող մարմնի կողմից բիզնես-գործընթացներին միջամտությունը նվազագույնի հասցնելու ճանապարհներին` վերահսկողությունն «աննկատ» ռեժիմով իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս