Բաժիններ՝

«Ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություններով օժտելն անհրաժեշտություն է». Արմեն Խաչատրյանը՝ իր առաջարկած նախագծի մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Ըստ այդ օրինագծի՝ Ոստիկանությունն օժտվելու է որոշակի լիազորություններով, որն ունի ԱԱԾ-ն, այն է, օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ կարողանալ գաղտնալումներ իրականացնել:

168.am-ը Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք շարունակում է պնդել, որ այդ նախագիծն անհրաժեշտություն է, այն դեպքում, երբ այն բազմիցս քննադատվել է:

«Բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, շարունակում եմ պնդել, որ դա այդպես պետք է լինի, եթե այդպես չլինի, ապա լուրջ ռիսկեր կունենանք: Նախագծին հանձնաժողովում դրական եզրակացություն են տվել, նման լուրջ քննադատություններ չեն եղել, նույնիսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներն են պաշտպանում: Կարծում եմ՝ այդ ամենն այն բանի հետևանք է, որ բոլորն ընդունել են հիմնավորումները և կարծում են, որ նման միջոցներով պետք է ոստիկանությանն օժտել, դա անհրաժեշտություն է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասնելով նշված ռիսկերը՝ Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ կարևոր ռիսկերից մեկն այն է, որ ավելորդ փաստաթղթաշրջանառության, կազմակերպչական ժամանակատար աշխատանքներ են իրականացվում: Ընդունելով, որ նման դեպքերում Ազգային անվտագությունն օպերատիվ է աշխատում, հստակեցրեց՝ որքան էլ օպերատիվ լինի, միևնույն է՝ մինչև ոստիկանությունից նյութերը հասնեն մեկ այլ ծառայություն, կլինի ժամանակի լուրջ կորուստ:

«Պետք է ընդգծեմ, որ սա միայն հեռախոսային խոսակցություններին չի վերաբերում, այս համատեքստում ամենից շատ օգտագործվող գործիքը տեղորոշիչ գործիքն է, աշխարհագրական դիրքի պարզումը: Արդեն հասկանալի է, որ, եթե ունենք հետախուզվող, և նա գտնվում է քաղաքի ինչ-որ հատվածում, պատկերացրեք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրա տեղը որոշենք»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս