Ռոհանին հայտարարել է, որ Իրանը մեկ տարի անց կարող է վերսկսել բենզինի ներմուծումը
Թեհրանը վառելիքի սպառման աճի շարունակվելու դեպքում կարող է մեկ տարի անց դառնալ բենզինի ներմուծող: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Եթե շարունակվի վառելիքի սպառման աճը, ապա մեկ տարի անց մենք կրկին կդառնանք բենզինի ներմուծող»,-նախագահի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «ինքնաբավությունը պահպանելու եւ բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել է բաժնաչափերի սահմանման եւ վառելիքի գների բարձրացման պլան»:
«Այդ նախաձեռնությունից ստացված 310 տրլն իրանական ռիալը (շուրջ 2,5 մլրդ դոլար) կօգտագործվի հասարակության խոցելի խավերին օգնելու համար»,-նշել է նա: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում է վառելիքի արժեքի եռակի աճ:
Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների:
Ցուցարարները այրում էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: